Գնիշիկաձորը պատմության մեջ

05.09.2020

Գնիշիկաձորը պատմության մեջ


Գնիշիկաձորը բնակեցվել է դեռևս մարդկության պատմության արշալույսից: Արենի-1 և Արենի-2 քարայրների պեղումներից հայտնաբերվել են Homo erectus-ի` կրաքարից, բազալտից ու այլ քարատեսակներից պատրաստված պարզագույն գլաքարային գործիքներ` չոպերներ, սֆերոիդներ, ինչպես նաև անկանոն ցլեպների մշակմամբ ձևավորված իրեր և արտադրական թափոններ: Տարածքի հարուստ կենսապահովման ռեսուրսները գրավել են դեռևս մեզնից 2-1,5 միլիոն տարի առաջ (ստորին պալեոլիթ) ապրած վաղագույն որսորդ-հավաքչարարներին: Գնիշիկաձորում մարդու գործունեության մեզ հայտնի հաջորդ վկայությունը քարայրներում պահպանված Ք.ա. VII հազարամյակի (նոր քարի դար) նյութական մշակույթի մնացորդներն են: Արենի-2-ում հայտնաբերված այծի գանգի, նրա հարևանությամբ դրված ոսկրե դաշույնի և մարդու ոսկորների առկայությունից կարելի է ենթադրել, որ քարայրն օգտագործվել է ծիսական նպատակներով: Քարայրները տնտեսական, կենցաղային ու ծիսական նպատակներով ինտենսիվորեն օգտագործվել են նաև ուշ էնեոլիթում (Ք.ա. V հազարամյակի վերջին քառորդ - Ք.ա. IV հազարամյակի առաջին կես), կոմպլեքս հասարակությունների ձևավորման շրջանում: Դրա վառ ապացույցն են Արենի-1 քարայրից պեղումներով հայտնաբերված աշխարհում ամենահին գինու արտադրական համալիրը և կաշվե կոշիկը: XX դ. սկզբին Գնիշիկաձորում կատարված առաջին պեղումները վկայում են, որ այն բնակեցված է եղել նաև բրոնզ-երկաթի դարաշրջանում (Ք.ա. III - I հազարամյակներ): Արենի-1 և 2, «Մագելանի» և տարածքում առկա բազմաթիվ քարայրների հետագա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք օգտագործվել են նաև անտիկ դարաշրջանում ու վաղ միջնադարում (Ք.ա. II դ. - Ք.հ. VIII դդ.): Ուշագրավ են «Մագելանի» քարայրից հայտնաբերված VII դ. փայտե աղեղը, ինչպես նաև Արենի-1-ում պեղված գործվածքների մնացորդները, կշռաքարերը, դրամները, ապակե իրերն ու ջնարակապատ խեցանոթների բեկորները: Գնիշիկաձորի հասարակական-տնտեսական ու հոգևոր-մշակութային կյանքը զարգացման գագաթնակետին հասավ XII - XIV դդ., Նորավանքի բուռն գործունեության շրջանում: Վանական այս համալիրը գտնվում է ձորապռնկի փոքր բարձրավանդակի վրա՝ միջնադարյան Ամաղու (Տխարբ) գյուղի դիմաց: Ձորում եղել են ավելի վաղ շրջանում կառուցված ս. Կարապետ եկեղեցին և ս. Փոկաս հայրապետի մատուռը: XIII դ. վերջերից Նորավանքը դարձավ Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստն ու Օրբելյան զորեղ իշխանական տան տոհմական տապանատունը: Այն նշանավորվեց ոչ միայն իր պատմությամբ, այլև հարուստ մշակութային ժառանգությամբ՝ որպես ճարտարապետության, քանդակագործության, վիմագրության, գրչության ու մանրանկարչության խոշոր կենտրոն։ Ուշ միջնադարում (XVII - XVIII դդ.) Գնիշիկաձորի քարայրները ծառայել են որպես վաչկատուն ցեղերի հարձակումներից պատսպարվելու թաքստոցներ, անասնապահական տնտեսության օժանդակ միջոցներ, ինչպես նաև որսորդների կարճաժամկետ հանգրվաններ: Այդ են վկայում դրանց մուտքերի մոտ գտնվող պարզունակ օջախները, որոնց հարևանությամբ հայտնաբերվել են նետասլաքներ, պարսատիկի կլորավուն քարեր: Այդ քարայրներում ժամանակավոր ապաստան են գտել նաև ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից ու 1915 թ. ցեղասպանությունից փրկված գաղթականները:



Նվիրաբերել